Արվեստագետ. Սահակ Պողոսյան
Վերնագիր. Մեծ մորս աչքերի լռությունը, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Նազարեթ Կարոյան (արվեստի քննադատ). «Ցեղասպանությունը մեծ չափով տեխնոլոգիական ծրագիր էր և արարք: Իբրև այդպիսին այն չէր ենթադրում սոսկ մարդկանց խմբի պարզ ոչնչացում, վերացումը այն ամենի, ինչը վերաբերում է նրանց կենցաղին՝ ուտելուն (սրբիչ, սեղան, սփռոց, անձեռոցիկներ), քնելուն (մթել, վերմակ, սավան), ինտիմին, երազանքին, ամենօրյա կյանքի բացահայտ ու թաքուն այն պարագաներին, ինչը Բուրիդոն անվանում էր հաբիտուս: Գործողությունն ուղղված է ոչ միայն մարդկային հավաքականության, ամբողջ մի ցեղի վերարտադրողական օրգանները ոչնչացնելուն, այլև վկայող բոլոր նշանները վերացնելուն, սուգն ինքնին և սգո խոսքն անհնար դարձնելուն:
Սահակ Պողոսյանը, դիմելով ցեղասպանությանը, գործ ունի այս իրադրության հետ: Այս իրադրության մեջ ոչ թե պատմություններ չկան, այլ դրանց մասին խոսքն է, որպես այդպիսին, անհնար: Պարաֆինի ծածկույթով խլացնելով գործվածքեղենի զարդանախշերի գծային հստակություններն ու գունային պայծառությունները՝ նկարիչն ասես կերպավորում է դրանց թույլ շշունջների՝ ի վերջո լռության հանգող համրությունը»: